Աշխատաժողով. կքննարկվի ՄԿԾ-ների և ՈԱՇ-ի համապատասխանությունը

Մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային  շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությունը կքննարկվի Որակի շաբաթվա շրջանակներում:

 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված ALIGN ծրագրի ձեռքբերումներին ու առկա մարտահրավերներին:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք:

Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը,  գործընթացից քաղված դասերը:

Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին: