Տեղի կունենա համաժողով «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով

Ընթացիկ տարում մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու  մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին,  գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի  ընդհանուր պատկերի հստակեցմանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կարևորում է  շահակիցների երկխոսությունը և  փորձի փոխանակումը, գիտակցում   գնահատման դերը որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը,  ՈԱԱԿ-ը  փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպվող  որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը:

«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով  երկօրյա համաժողովը տեղի կունենա փետրվարի 23-24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Միջոցառման ընթացքում  անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային աուդիտի  գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները:  Կլաստերային աուդիտի չափանիշները կքննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:

Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև  «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:

Տեղի կունենա շահակիցների քննարկում  «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:

Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և  Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի  գործունեության մեկնարկը:

Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված  կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը: